Խաղաղության պայմանագրի կնքումն առանց Հայաստանի
Սահմանադրության փոփոխության անհնար է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝
ընդունելով Թուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների
ղեկավարներին։
«Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության
պայմանագրի կնքումը, քանի դեռ Հայաստանի ներկայիս Սահմանադրությունը մնում է անփոփոխ,
ուղղակի անհնար է»,- ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ երբ Ադրբեջանը բարձրացնում է այս
հարցը, դա չի նշանակում, որ Բաքուն միջամտում է Հայաստանի ներքին գործերին։
«Բացարձակապես ոչ, բայց դա վերաբերում է մեզ: Մենք չենք կարող խաղաղության պայմանագիր
կնքել Հայաստանի հետ, երբ նրանք տարածքային պահանջներ ունեն մեր նկատմամբ»,-
ընդգծել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը նշել է, որ Ադրբեջանը «երբեք տարածքային
պահանջներ չի ունեցել և չունի ոչ մի երկրի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ»։
«Այդ նրանք (Հայաստանը) ունեին տարածքային պահանջներ
մեր նկատմամբ: Դա նրանց Անկախության հռչակագրում է, որը հետագայում դարձավ նրանց
Սահմանադրության մաս, որ տարածքային
պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ»,- հավելել է նա:
Ադրբեջանի նախագահը նաև ընդգծել է, որ Հայաստանը
պետք է ամբողջովին հրաժարվի ռևանշիզմի գաղափարներից. «Իսկ մենք տեսնում ենք, որ
նման գաղափարներ կան, և ոչ միայն ընդդիմության շրջանում, այլև իշխող խմբավորման
մեջ: Ադրբեջանական կողմը տրամադրված է կառուցողական աշխատանքի՝ համաձայնեցնելու
խաղաղության պայմանագրի բոլոր կետերը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային
իրավունքի»: